Բեռլինում մարտի 19-ին տեղի ունեցավ կիոկուշին կարատեի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էին 250 մարզիկներ 24 թիմերից: Միջոցառմանը ներկա էր գտնվել նաև հայկական պատվիրակությունը՝ ի դեմս Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի, ինչպես նաև մարզիչներ՝ Վարդան Կիրակոսյանը և Հայկ Միսակյանը:
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայից հայտնում են, որ հայ կարատեիստներ Վահագն Հակոբյանը, Նարեկ Աբոյանը և Անաստասիա Ռոդինան զբաղեցրել են առաջին հորիզոնականը, Սարգիս Բադալյանը` երկրորդ, իսկ Մհեր Գևորգյանը, Գևորգ Գևորգյան ու Եվգենի Կոստենկոն՝ երրորդ:
Եվս մեկ մրցանակի արժանացավ Վահագն Հակոբյանը, ով իրականացրեց մրցաշարի լավագույն նոկաուտը: Վահագն Հակոբյանը 4 մարտում բացարձակ հաղթանակ գրանցեց` մենամարտերն ավարտելով նախատեսված հիմնական ժամանակից շուտ, որոնցից ամենակարճատևը 10 վրկ, իսկ ամենաերկարը` 32 վրկ տևողությամբ ավարտվեց:
Հաղթանակի նկատմամբ կամքի բացառիկ դրսևորմամբ հանդես եկավ Մհեր Գևորգյանը: Բուլղարացու հետ մենամարտը թերևս ամենադիտարժաններից մեկն էր ողջ առաջնության շրջանակներում:
